«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ շաբաթ կայացած գիտական լսումներին զեկուցումով հանդես եկավ Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Սարկավագյանը՝ ներկայացնելով իդիոպաթիկ թոքային արյունահոսության կլինիկական դեպքեր:
Կլինիկայի ղեկավարը նշել է, որ թոքային արյունահոսությունները հանդիպում են առկա ուռուցքների, թոքերում անոթային սեկվեստրացիաների դեպքում և այլն: «Իդիոպաթիկ թոքային արյունահոսությունները կազմում են ընդհանուր թոքային արյունահոսությունների մոտ 30%-ը, և հաճախ վիրահատական բուժումը անհրաժեշտ է լինում կենսական ցուցումներով՝ հաշվի առնելով հիվանդի և հիվանդության առանձնահատկությունները»,-նշել է Սարկավագյանը:
Նա ներկայացրել է երկու կլինիկական դեպք, երբ կրծքավանդակի օրգանների ՀՇ քննությամբ նկարագրվել են ներթոքային արյունազեղումներ,այլ պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել:
Գործընկերները կլինիկական դեպքերի հետ կապված մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերում էին կոնկրետ դեպքերին, վիրահատության ժամանակ հանդիպող ռիսկերին, քննարկվել է նաեւ հարցը, թե որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել վիրատահական միջամտությունից։
Հովհաննես Սարկավագյանը նշել է, որ հաշվի առնելով հիվանդի առանձնահատկությունները՝ որոշում է կայացվում՝ վիրահատությո՞ւնն է ավելի արդյունավետ, թե՞ էմբոլիզացիան, կոնկրետ ներկայացված դեպքերում վիրահատությունն ավելի արդյունավետ էր։
.png)